Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել
ՏեսանյութերՄարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդուն։ Նա հայտնել է, որ շուրջ երեք ամիս ձեռք է բերում և վերավաճառում առանց լիցենզավորման տարբեր ապրանքանիշի ծխախոտ, իսկ վերջին խմբաքանակը ձեռք էր բերել մոտ երեք օր առաջ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մարտի 13-ին նշված հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանց լիցենզավորման 187 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։