Գորիսի քաղաքապետը կա՛մ հրաժարական է տալիս, կա՛մ ավագանին անվստահություն է հայտնում. Մինասյան
ՀասարակությունԱռուշ Առուշանյանի հետ կապված կա դատական ակտ, որի երեք հատվածներից մեկի հետ Գորիսի քաղաքապետը համաձայն չի եղել։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մանրամասնելով, որ խոսքը նրա կողմից պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին է։
Ըստ նախարարի՝ Առուշանյանը տուգանքը վճարել է, մնացած մասով էլ՝ համաձայնել:
«Ներկայացրել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա․ ընթացիկ դատական գործ կա, ուստի հատուկ կարծիք չասեմ»,-նշել է Մինասյանը՝ հավելելով սպասել առաջիկա նիստին։
Մինասյանի խոսքով՝ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ:
«Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնել»,- մանրամասնել է նախարարը: