Վայոց ձորի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել
ՀրապարակումներՕգոստոսի 29-ին, ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք:
Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:
Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։