«Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ Պապոյան
ՀասարակությունԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Մալթայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Սիլվիո Շեմբրիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։
«Այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու փոխադարձ շահերը, մտքեր փոխանակելու առևտրի և ներդրումների ընդլայնման վերաբերյալ և ուսումնասիրելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարը։
Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հնարավորությունները մի շարք առանցքային ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության։
Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։