ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա. գլխավոր դատախազ
ՔաղաքականԱզգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա:
Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝ ԱԺ-ում Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
«Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, և սրանք ուղղակի բառեր չեն, սա երևում է յուրաքանչյուր քրեական գործից, յուրաքանչյուր քրեական գործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր քրեական գործով կազմվող մեղադրական եզրակացությունից: Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետևում են մարդիկ, ձեր խոսքին հետևում են ձեր ընտրողները: Դուք նրանց վարքագծային մոդելն եք»,-ասաց Վարդապետյանը՝ դիմելով պատգամավորներին:
Վարդապետյանը վստահեցրեց, որ պատգամավորների կողմից բարձրաձայնված ու քննարկված բոլոր հարցերը, հրապարակումներն արդեն ստուգման առարկա են դատախազությունում: Ըստ նրա՝ սա է երկխոսության ճանապարհը:
Նա նաև վստահեցրեց, որ իրավապահ համակարգը հանցակազմի առկայության դեպքում վարույթ նախաձեռնելու է, անհրաժեշտ գործողությունները կատարելու է, հիմքերի առկայության դեպքում հետապնդում հարուցելու է ու գործն ուղարկելու է դատարան՝ ում վերաբերյալ ուզում է լինի: Դատախազությունը յուրաքանչյուր գործով է իրականացնում և իրականացնելու է իր գործառույթը՝ այդ թվում մեղադրանքի պաշտպանության գործառույթը: