Իրանում «Կաննի» կինոփառատոնին մասնակցած ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման և մտրակի հարվածների
ՔաղաքականԲեռլինյան կինոփառատոնի հաղթող, իրանցի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, մտրակի հարվածների, տուգանքի և ունեցվածքի բռնագրավման։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է նրա փաստաբան Բաբակ Պաքնիան։
Նշվում է, որ ռեժիսորի «Սրբազան թզի սերմը» ֆիլմն ընտրվել է «Կաննի» կինոփառատոնին մասնակցելու համար։
Դատավճռի պատճառ են հանդիսացել հրապարակային հայտարարությունները և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ստեղծումը, որոնք, ըստ դատարանի, ենթադրում են երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
Այս դատավճիռը ամենախիստն էր ռեժիսորի նկատմամբ նախկինում կայացված բոլոր դատավճիռներից։ Նա առաջին անգամ ձերբակալվել է 2010 թվականին՝ առանց թույլտվության նկարահանումների համար։ Նա սկզբում դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, սակայն հետագայում պատիժը կրճատվել է՝ հասնելով մեկ տարվա։
Մոհամմադ Ռասուլոֆը բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է և հավակնորդ։
2020 թվականին նա ստացել է բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջը» իր «Չարը գոյություն չունի» ստեղծագործության համար։