Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան
ՔաղաքականՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլիին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Նամակում նշված է․
«Հարգարժան պրոֆեսոր Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլի,
Մեծ ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս պաշտոնյաների անժամանակ մահվան մասին: Երեկ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Հայաստանի ողջ հանրությունը հույսով սպասում էր հրաշքի, որը, ցավոք, իրականություն չդարձավ: Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին և այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ: Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»։