Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը
ՀասարակությունՀանրակրթական նոր չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, դպրոցներում փոխվել է նաև գնահատման համակարգը։
Այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։
«Տարրական դասարաններում առհասարակ դուրս է եկել միավորային գնահատումը և միայն բնութագրող գնահատման միջոցով են երեխաները գնահատվում, իսկ միջին և ավագ դպրոցում թե՛ միավորային, թե՛ բնութագրող գնահատման միջոցով»,-ասաց Սվաջյանը։
Նա կարևորեց, որ այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում, որի փոխարեն սովորողը բնութագրվում է իր ունեցած նույնիսկ փոքր առաջընթացով։
«Այնուամենայնիվ, մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ուսումնական վիճակը և այս երեխաների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից, որպեսզի լրացնեն բացթողումները»,-հավելեց փոխնախարարը։