Երևանում շենքի 16-րդ հարկի բնակարաներից մեկում հրդեհ է բռնկվել․ քաղաքացիներ են տարհանվել
ՀասարակությունՄայիսի 23-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ բնակարանի տարածքում։
Փրկարարները բնակարանից տարհանել են Մ․ Ղ․-ին (ծնված 1999 թ․), Ս․ Մ․-ին (ծնված 1997 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 2023 թ․), որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 24-ին, ժամը 00։42-ին, մարվել՝ 00։59-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 40 քմ) և ջերմահարվել են խոհանոցի և նախասրահի պատերը (մոտ 30 քմ)։