«Հրապարակ». Բագրատ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պարտիզանություն է անում և բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, և ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։ Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի քանի հոգուն, ովքեր տեղյակ են մանրամասներին, հանձնարարված է չգաղտնազերծել ծրագիրը։
Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ գործիչներ անգամ գրավոր առաջարկներ և ելույթի թեզեր են ներկայացրել սրբազանին, բայց ոչ ոք չգիտի, թե դրանցից որից կօգտվի նա և ինչ ելույթ կունենա, ի վերջո։ Ասում են՝ ամեն ինչ կախված է հավաքվածների քանակից և տրամադրություններից»։