Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը (տեսանյութ)
ՔաղաքականԿա պայմանավորվածություն, թե Տավուշից հետո որ սահմաններում է նախագծվում սահմանագծումը, արդյոք երաշխավորված է, որ Ադրբեջանը կվերադարձնի մեզ Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի ուղղություններում այն տարածքները, որոնք լեգիտիմորեն մերն են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին:
«Նախ` հերթականության մասին. սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ ընդգծված այդ գործընթացը, եթե չեմ սխալվում` ընդգծված է, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ, սա հստակ պայմանավորվածություն է, որ տեղի են ունենալու քայլերը հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ: Նախնական շրջանում կարևոր է, որ այդ կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, որից հետո հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը»,- ասաց նա: