Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան
ՔաղաքականԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Ապրիլի սկզբին մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ Վարդանյանին առաջադրել էին 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած Վարդանյանը մյուս հայ գերիների հետ ապօրինի պահվում է Ադրբեջանում։
«Մրցանակի արժանանալը կարող է հանգեցնել այն բանին, որ Վարդանյանի ազատ արձակման գործընթացին միանան մարդու իրավունքներով զբաղվող անձինք և կազմակերպությունները, իսկ դա դրական ազդեցություն կունենա։ Բայց Բաքուն քաղաքական կամ խմբային շահերը վեր է դասում համամարդկային արժեքներից, հետևաբար ադրբեջանական կողմի գործողությունները դժվար է կանխատեսել», - նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը համոզված է, որ առանց միջազգային ճնշման Բաքուն չի հարգի մարդու իրավունքները, և կարևոր չէ՝ դա վերաբերում է Ադրբեջանի, Հայաստանի, թե որևէ այլ երկրի քաղաքացու: Իսկ Նոբելյան մրցանակը կնպաստի Բաքվի վրա լրացուցիչ ճնշմանը։