Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ
Հասարակություն«Այո՛, մենք դեռ այստեղ ենք, երեւի կմնանք մինչեւ առավոտ: 250-300 մարդ կա հիմա էստեղ, բոլորը մերոնք են, բայց նաեւ մարզպետն է եկել, մարզի ոստիկանապետն է այստեղ, Սրբազան Հայրը շտապեց մեզ մոտ, խաղաղ կանգնած քննարկում ենք, մենք մեր պահանջից չենք շեղվելու, միակամ ենք»,– ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս պահին Տավուշում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակած ակցիայի մասնակից Անդրանիկն է նկարագրում իրավիճակը։
Նրա խոսքով՝ այս պահին մեքենաների կուտակումներ կան, իրենք խոչընդոտում են ազատ տեղաշարժը, ոստիկանական խմբեր էլ կան տեղում, բայց զրուցակցի խոսքով՝ նրանք միջամտություն առայժմ չեն անում.
«Փառք ու պատիվ իրենց` մի ավելորդ քայլ, որեւէ միջամտություն չեն անում։
Իրենք էլ գիտակցում են՝ ինչի համար է բողոքի ակցիան, տեղացիներ են էստեղ հավաքվել` Ոսկեպարի բնակիչներն են, Բաղանիսից, Ոսկեվանից, Բարեկամավանից, Կոթիից, համախմբել, փակել ենք ճանապարհը, որպեսզի մեր անհամաձայնությունը ցույց տանք սահմանազատում կոչված զիջման ծրագրին։
Առայժմ միայն տղամարդկանցով ենք, դե գիշեր է, առավոտյան Ոսկեպարում կանայք էլ կմիանան հավաքին, պլանավորվում է վաղը մեծ հավաք անցկացնել Ոսկեպարում` Սրբազան Հոր մասնակցությամբ։
Կա՛մ էստեղ կլուսացնենք այսօր ու կշարժվենք Ոսկեպար, կա՛մ կգնանք մի երկու ժամից, բայց առավոտյան Սրբազան հոր հետ հավաքն անխուսափելի է, պիտի դիմադրենք, թույլ չենք տա թշնամուն մտնի մեր տներ, բակեր ու հողամասեր»։
Նրանք ասացին, որ համաձայն են Սրբազանի հետ, որ «առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Մեր պահանջն է․ զահմանազատում և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն»։