Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին
ՀասարակությունԱզգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիեւ):
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում:
Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է այդ գործընթացը սկսել համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունից:
Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շոայբ Կասուն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Ներկայացնելով սեփական երկրի պատմությունը` դեսպանն ընդգծել է, որ խաղաղություն տանող ճանապարհը դժվար է եւ միայն կողմերի միջեւ երկխոսությամբ է հնարավոր հասնել խաղաղության: