ՀՀ նախագահն ու դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հարցերը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
«Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել է Հանրապետության նախագահը:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության բազմաշերտ օրակարգին նվիրված հարցեր:
Երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և Եվրոպայում ընթացքող գլոբալ գործընթացների և զարգացումների վերաբերյալ:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շարունակականության ապահովումը: