ԱԺ պատգամավորները ՏՀԶ կազմակերպության հետ քննարկել են՝ ինչպես բարելավել բյուջեի կառուցվածքը
ՔաղաքականՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) քաղաքականության ավագ վերլուծաբան Ալֆրուն Տրիգվադոթիրի հետ:
Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Դավիթ Կարապետյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Ծովինար Վարդանյանը կարեւորել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ակնկալում է Ազգային ժողովի հետ համագործակցության ինստիտուցիոնալ ճանապարհներ կգտնվեն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալֆրուն Տրիգվադոթիրին տեղեկացրել է, որ կազմակերպությունը սերտ համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ եւ ներկայում աշխատում է բյուջեի կառուցվածքի բարեփոխման, բարելավման ուղղությամբ: Նա նշել է, որ սա մի գործընթաց է, որ իրականացվում է մի շարք երկրներում:
Ծովինար Վարդանյանը ծանոթացրել է բյուջեի ներկայացման ընթացակարգին, ներկայացրել, թե ինչպիսի արդյունքային ցուցանիշներ է այն պարունակում եւ որքանով է այդ ձեւաչափն արդյունավետ: Բյուջեի կառուցվածքը բարելավելու ուղղությամբ հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները:
Արուսյակ Մանավազյանը եւս կարեւորել է Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը: Նա տեղեկացրել է, որ ընդգրկուն փոփոխություններ են կատարվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, ինչպես նաեւ ներկայացրել է Բյուջետային գրասենյակի գործառույթները: