էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը.
«ՀՀ ինքիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին, իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, այն իր բնականոն հունով ընթանալու է»:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, Կոստանյանը նշեց, որ դա ըստ էության միջազգային պայմանագիր է, իսկ միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգերը երկու երկրներում տարբերվում են:
«Եթե ես ճիշտ եմ տիրապետում նրանց համապատասխան օրենսդրությանը, նրանց պարագայում խորհրդարանի կողմից հաստատման անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ ներպետական գործընթացները զուգահեռաբար գնում են․ մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կոստանյանը
Ըստ փոխնախարարի՝ ՀՀ ինքիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր դեր ունեն և մենք մեր քաղաքականությունները կառուցում ենք ըստ այդմ:
Կոստանյանը նաև նկատեց՝ էսկալացիաների վտանգը շարունակում է առկա մնալ, քանի դեռ երկու երկրների հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել։ Հարցին՝ պայմանագիրը երաշխի՞ք է, որ պատերազմ չի լինի, նա պատասխանեց. «Դա հավելյալ մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։