Արաբական հինգ երկրներ դեմ են արտահայտվել Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբնակեցման առաջարկին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարները նամակ են հղել իրենց ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին՝ քննադատելով Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ծրագրերը։ Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք անգամ հրապարակայնորեն խոսել է Գազայից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու անհրաժեշտության մասին։
Նամակում ասվում է, որ պաղեստինցիները «չեն ցանկանում լքել իրենց հողը», և նրանց տեղահանումը «հակամարտությանը նոր վտանգավոր վիճակ կհաղորդի»: Տարածաշրջանում տեղահանվածների աճող թիվը «կմեծացնի արմատականացման և անկարգությունների վտանգը»։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքն արդեն «ծանրաբեռնված է մեծ թվով տեղահանվածներով»։
Ըստ Axios-ի՝ նամակը Պետդեպարտամենտին են ներկայացրել արաբական հինգ երկրների դեսպանները։ Այս պետությունների նախարարներից բացի՝ փաստաթուղթը ստորագրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը։
Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, բացատրելով Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, ասել է, որ Գազայի հատվածն այժմ «անբնակելի է», և որ մարտերի հետևանքով առաջացած ավերածությունների պատճառով՝ անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ վերականգնման աշխատանքներ։ Ուիթկոֆի խոսքով՝ դա կարող է տևել 10-15 տարի:
Շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Թրամփը Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ քննարկել է Գազայի վերաբնակեցման հարցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)