Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Քաղաքական
Մայիսի 4-ին Երևանը կդառնա եվրոպական մայրցամաքի քաղաքական էպիկենտրոնը։ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի 48 պետությունների առաջնորդների՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։
Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի նիստին որպես հյուր կմասնակցի ոչ եվրոպական երկիր՝ Կանադան՝ ի դեմս վարչապետ Մարկ Քարնիի։
EPC գագաթնաժողովին անմիջապես հաջորդելու է պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը (մայիսի 4-5)։ Միջոցառումը կգլխավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի փուլում առաջնորդների քննարկման կիզակետում կլինեն երեք հիմնասյուներ.
- Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում։
- Կապուղիների զարգացում (Connectivity). տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների ընդլայնում։
- Էներգետիկ և տնտեսական անվտանգություն. Եվրոպայի կախվածության նվազեցում և տնտեսական կայունության ապահովում։
Իրադարձությունների ժամանակացույցը (մայիսի 4).
- 09:00 – Հյուրերի ժամանում և «կարմիր գորգ»։
- 10:45 – Բացման արարողություն և ավանդական «ընտանեկան լուսանկար»։
- 11:30 – Լիագումար նիստի մեկնարկ։
- 12:45 - 16:00 – Ամենաակտիվ փուլ. կլոր սեղաններ, ինչպես նաև առանցքային երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որտեղ սովորաբար կայացվում են կուլիսային կարևոր որոշումներ։
- 16:30 – Ամփոփիչ հայտարարություններ մամուլի համար։
Բացի ԵՄ 27 անդամներից, Երևան կժամանեն առաջնորդներ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Վրաստանից և Բալկանյան երկրներից։ Հրավիրյալների ցանկում է նաև Ադրբեջանը։
Նշենք, որ երևանյան հանդիպումից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանգրվանը կլինի Իռլանդիան (2026 թ. նոյեմբեր)։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու