Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը
Քաղաքական
Euromedia24-ի տեղեկություններով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը և աշխատանքի անցնել Ազգային ժողովում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայելյանն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է թիմակիցներին։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք, որ այս պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունեն նաև Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը և Հակոբ Սիմիդյանը։
Այսպիսով, իշխանական թիմում հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար բավական լուրջ ներթիմային մրցակցություն է ձևավորվում։ Սասուն Միքայելյանը նախկինում ևս եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա պատգամավորի մանդատ է ունեցել 1999-2003 թվականներին, ապա՝ 2018-2021 և 2021-2023 թվականներին՝ «Իմ քայլը» և հետագայում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների կազմում։
2023 թվականին, ընտրվելով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, նա վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ կենտրոնանալով ԵԿՄ գործունեության վրա։ Եթե Միքայելյանը վերադառնա խորհրդարան, ապա թափուր կդառնա ԵԿՄ նախագահի պաշտոնը, ինչը կնշանակի, որ կազմակերպությունում նույնպես նոր ընտրություններ պետք է անցկացվեն՝ նոր նախագահ ընտրելու համար։
Այսպիսով, առաջիկայում կադրային փոփոխություններ կարող են լինել ոչ միայն Ազգային ժողովում, այլև «Երկրապահ կամավորականների միություն» կազմակերպության։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ