Եղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»
Սպորտ
Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվել է Կիպրոսի ընտրանուն և պարտվել 0-2 հաշվով։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ թիմն արժանի չէր պարտության, սակայն թույլ տված սխալները վճռորոշ են եղել։
«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»,- ասել է Մելիքյանը։
Նա անդրադարձել է նաև վնասվածքներին՝ նշելով, որ Ղարիբյանը վնասվածք է ստացել դեռևս նախավարժանքի ժամանակ, իսկ Բանդիկյանը՝ հանդիպման ընթացքում։ Մարզչի խոսքով՝ հավաքականը կորցրել է արդեն 13-14 ֆուտբոլիստ։
«Ներողություն եմ խնդրում, մեղավորներ ման չեմ գալիս։ Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը»,- նշել է Մելիքյանը։
Մարզիչը նաև ընդգծել է, որ չի ցանկանում մեկ-երկու պարտությունը քանդի թիմի ներսում ձևավորված կոլեկտիվը։
«Ֆուտբոլիստներին հանդերձարանում ասացի՝ չգտնեն մեղավորներ թիմի ներսում․ պարտվել ենք, առաջինը ես եմ պարտվել։ Չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր թիմը, կոլեկտիվը, որը դժվարությամբ ստացել եմ։ Պետք է միասին լինենք, ընդունենք ու միասին շարժվենք առաջ»,- ասել է նա։
Խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել է Չեռնոգորիային։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ արտագնա խաղում Չեռնոգորիայի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ