Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկությունները
Իրավունք
Արթուր Բաղդասարյանի փաստաբան Մհեր Շահնազարյանը հայտարարել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) կողմից նախօրեին հրապարակվել են իր պաշտպանյալի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ։
Փաստաբանի խոսքով՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայց կա, որի շրջանակում Արթուր Բաղդասարյանից և նրա կնոջից որպես ապօրինի գույք պահանջվում է մեկ գույք՝ նրանց բնակարանի մոտ 30 տոկոսը։ Շահնազարյանի պնդմամբ՝ այդ գույքի արժեքը կազմում է մոտ 2.8 մլն դրամ, իսկ դրա օրինականությունը հիմնավորող փաստաթղթերը ներկայացվել են դատարան։
Փաստաբանը նշել է, որ Բաղդասարյանից պահանջվում է նաև «Հայասի Գրուպ», «Ֆելինգեր», «Սքայվյու» ընկերությունների և դրանց հիմնադիր «Գավեքս Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները պատկանում են Բաղդասարյանին, և նա դրանք հայտարարագրել է իր անունով դեռևս 2000-ականներին։
Շահնազարյանի փոխանցմամբ՝ «Հայասի Գրուպ»-ի հիմնադրումն ապօրինի է համարվել՝ շուրջ 700 հազար դրամի օրինական եկամուտներ չունենալու պատճառաբանությամբ, և այդ հիմքով ապօրինի են համարվել նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների բաժնետոմսերը։ Փաստաբանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ նույնպես դատարան են ներկայացվել համապատասխան հիմնավորումներ, և գործը գտնվում է դատական քննության փուլում։
Նա նաև պնդել է, որ «Հայասի Գրուպ»-ը Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա կառուցվել է վարկային միջոցներով՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ ներգրավված ավելի քան 20 մլն եվրոյի վարկի հաշվին։ Ըստ փաստաբանի՝ վարկային պարտավորությունների մեծ մասը պահպանվում է մինչ օրս, իսկ ընկերության բաժնետոմսերը ամբողջությամբ գրավադրված են բանկում։
Շահնազարյանի խոսքով՝ «Ֆելինգեր» և «Սքայվյու» ընկերությունների գույքն ու բաժնետոմսերը նույնպես ամբողջությամբ գրավադրված են՝ ավելի քան 12 մլն դոլարի վարկային պարտավորությունների դիմաց։
Անդրադառնալով ՀԿԱԾ-ի հրապարակած՝ 1020 միավոր շարժական գույքի վերաբերյալ տեղեկությանը՝ փաստաբանը հայտարարել է, որ այդ թիվը ներառում է ընկերություններում առկա աթոռները, սեղանները, թեյնիկները և այլ գույք ու շրջանառու միջոցներ։ Նրա պնդմամբ՝ դրանց օգտագործման նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանափակում չկա։
Ինչ վերաբերում է 156 մլն դրամի ապօրինի միջոցների մասին տեղեկությանը, Շահնազարյանը նշել է, որ դրանց ապօրինի լինելը դեռ պետք է ապացուցվի դատական քննության արդյունքում։
Փաստաբանը նաև ընդգծել է Արթուր Բաղդասարյանի երկարամյա գիտական և կրթական գործունեությունը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ եղել է նրա օրինական եկամուտների աղբյուր։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը հիմնավորող փաստական տվյալները ևս ներկայացվել են դատարան։
Շահնազարյանը պետական մարմիններին և լրատվամիջոցներին կոչ է արել զերծ մնալ, իր գնահատմամբ, չապացուցված տեղեկությունների տարածումից, հարգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու անմեղության կանխավարկածը և սպասել դատարանի վերջնական որոշմանը։
Նա ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի, այլ ժամանակավոր սահմանափակումների մասին է։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից