Հանրային հեռուստաընկերությունը կառավարությանը կխնդրի ավելացնել բյուջետային հատկացումները
Տնտեսություն
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստվում է ծրագիր ներկայացնել կառավարությանը` պետական բյուջեից հեռուստաընկերությանը հատկացվող գումարն ավելացնելու խնդրանքով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: «Մենք հիմա ծրագիր ենք մշակում: Այն երևի պատրաստ կլինի մոտակա երկու-երեք շաբաթվա ընթացքում: Ունենք կառավարության և Ազգային ժողովի աջակցության կարիքը, քանի որ կոմերցիոն գովազդների դուրս գալու հետ կապված ֆինանսական խնդիրներ ենք ունենալու»,- ասաց նա:
Ջաղինյանն ուրախություն հայտնեց, որ Հանրային հեռուստատեսությամբ այլևս գովազդներ չկան, ինչն ավելի հաճելի է դարձնում տարբեր ֆիլմերի և հաղորդումների դիտումը, սակայն գովազդի արգելքը ֆինանսական կորուստների է հանգեցրել: «Մենք մի շարք ծրագրեր ունենք իրականացնելու, որոնց համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հարկավոր լինելու: Մենք այդ ծրագրերը, ինչպես նաև հիմնավորումները, որ ֆինանսական աջակցության անհրաժեշտություն կա, առաջիկայում կներկայացնենք կառավարությանը»,- ասաց Ջաղինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի կառավարությունը կրկնապատկի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվող բյուջետային միջոցները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)