Տնտեսագետը գտնում է, որ Հայաստանը կարող է ինտեգրվել ռուսական ռազմարդյունաբերությանը
Տնտեսություն
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կառավարությանը կոչ է անում խորացնել ռազմարդյունաբերական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ օգտվելով այդ երկրի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներից: «Մենք, չգիտես ինչու, հիմա սահմանափակվում ենք միայն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման հարցով, սակայն դրանով ամեն ինչ չի սահմանափակվում: Մենք պետք է չմոռանանք մնացած կարևորագույն ոլորտները: Օրինակ, կառավարությանը կոչ կանեի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ շատ լավ կլինի, եթե Հայաստանը կարողանա ինտեգրվել ռուսական ռազմարդյունաբերությանն իր բարձր գիտատար ճյուղերով, գիտատար տեխնոլոգիաներով: «Մենք մոռանում ենք, որ սանկցիաները կիրառվել են ոչ թե ջրի, մուրաբայի, պտուղ-բանջարեղենի, այլ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կան պատժամիջոցներ: Եվ ես կարծում եմ, որ այդ բացը նախկին խորհրդային երկրներից կարող է լրացնել հենց Հայաստանը»,- ասաց նա:
Տնտեսագետն ընդգծեց, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել և հարկավոր է քայլեր ձեռնարկել: Նա կառավարությանն առաջարկում է հարցը բարձրացնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ, ով առաջիկայում ժամանելու է Հայաստան: Մանասերյանը համաձայն է նաև տեսակետի հետ, որ ՀՀ կառավարությունը կարող է բարձրացնել նաև Ռուսաստանից քվոտաներ ստանալու հարցը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կրկնապատկել որոշ ապրանքների արտահանումը դեպի այդ երկիր:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)