Մարին լե Պենը քննադատել է ջիհադիստների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը
Համաշխարհային Մամուլ
Մարին լե Պենը քննադատել է ջիհադիստների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը: Այդ կապակցությամբ իր մտքերը նա շարադրել է The New York Times-ի համար գրված հոդվածում:
Լե Պենի կարծիքով՝ ահաբեկիչ Ամեդի Քուլիբալին, որը պատանդներին գնդակահարել էր կոշերային մթերքների սուպերմարկետում, ինքնաձիգը կարողացել էր ստանալ Բելգիայից՝ Ֆրանսիայի սահմաններում մաքսային հսկողության բացակայության պատճառով: «ԵՄ-ի ղեկավարներն այնքան հավատարիմ են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժման դոգմային, որ ազգային սահմանների հսկողության գաղափարը դիտվում է որպես հերետիկոսություն»,-ասել է լե Պենը: Նույն այդ պատճառով էլ, կարծում է «Ազգային ճակատի» առաջնորդը, Քուլիբալիի հանցակիցը՝ Հայաթ Բումեդիենը, կարողացավ փախչել Սիրիա:
Բացի այդ, ըստ ֆրանսիացի քաղաքական գործի, Ֆրանսիայի աշխարհիկ բնույթին և արժեքներին սպառնում է զանգվածային օրինական և անօրինական միգրացիան: Երկիրը չի հասցնում միաձուլել այսքան մեծ քանակությամբ ներգաղթյալների:
Բացի այդ, Մարին լե Պենը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Սիրիայում «առանձին արմատականների» աջակցության և ջիհադիստներին ֆինանսավորող այնպիսի պետությունների հետ դաշինքի դեմ, ինչպիսիք են Քատարը և Սաուդյան Արաբիան:
«Ազգային ճակատի» առաջնորդն առաջարկել է՝ ջիհադիստներին զրկել քաղաքացիությունից, վերականգնել ազգային սահմանների հսկողությունը և բացարձակ անհանդուրժողությամբ վերաբերվել այն վարքագծին, որը չի համապատասխանում աշխարհիկության սկզբունքին և ֆրանսիական օրենքներին: «Առանց դրա արմատականության դեմ պայքարում ոչ մի լուրջ քաղաքականություն հնարավոր չէ»,-եզրակացրել է լե Պենը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում