Washington Post-ը բացահայտել է Ադրբեջանի իշխանության լոբբիստներին
Համաշխարհային Մամուլ
Հունվարի 29-ին Washington Post թերթը Ադրբեջանին նվիրված «Ադրբեջան. Անկախության վերակագնումից 25 տարի հետո, ԱՄՆ-ի ծաղկող դաշնակիցը» վերնագրով մի ամբողջ էջ է հրապարակել, որի նյութերի մի մասը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների ստորագրությամբ: Ադրբեջանի իշխանամետ մամուլը հիացմունքով և գոհունակությամբ էր անդրադարձել այդ հրապարակմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի թղթակից Էրիկ Ուեմփլն այդ հրապարակումը համարել է Ադրբեջանին ուղղված գովազդ: Նա նշել է, որ մարդու իրավունքները ոտնահարող, 100-ի հասնող քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի իշխանություններին գովազդող այդ հոդվածներից մեկն էլ ստորագրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Ինդիանայից ընտրված նախկին անդամ Դեն Բարթոնը, ով հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստեղծված «Ադրբեջան-Ամերիկա ալյանս»-ի նախագահը, ինչի մասին հրապարակման մեջ հղում չի արվել:
Է. Ուեմփլը քննադատել է թերթի խմբագիր Ջոն Սոլոմոնին նման կարևոր բացթողման համար և հիշեցրել, որ թերթն իր այդ հրապարակումով, փաստորեն, պաշտպանել է մի երկրի, որտեղ հենց նույն օրը երկարաձգվել է Իլհամ Ալիևին քննադատած և նրա կոռուպցիոն գործողությունները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովային կալանքի տակ պահելու ժամկետը:
Նյու Յորքի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոզմարի Արմաոն Բարթոնի հոդվածի հետ կապված նամակ է հղել Washington Post-ին և ամոթանք տվել, որ ժողովրդավարության, ազատության և ադրբեջանական ժողովրդի կողքին կանգնելու, Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու պահանջով հանդես գալու փոխարեն, ամերիկյան հեղինակավոր թերթը գովազդել է Ադրբեջանի կոռումպացված և բռնատեր իշխանությանը:
«Ադրբեջան-Ամերիկա ալյանս»-ի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովն է: Ալյանսի՝ ԱՄՆ-ում կատարած հյուրընկալությունները տնօրինում է հենց Դեն Բարթոնը: Ադրբեջանական և միջազգային մամուլն ավելի վաղ հոդվածներ է հրապարակել Անար Մամեդովի կողմից ամերիկացի կոնգրեսականներին և լոբբիստներին կաշառելու միջոցով Ադրբեջանի իշխանությունների օգտին աշխատելու մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում