Գառնիում և Գեղարդում Վարադավառն աշխարհին կներկայացվի քրիստոնեական և հեթանոսական խորհրդով
Հասարակություն
Հայկական Վարդավառը միջազգային տոն դարձնելու մտադրությամբ՝ երկրորդ տարին անընդմեջ միջազգային փառատոն տեղի կունենա Գեղարդի միջնադարյան վանքային համալիրում և Գառնիի հայ հին հեթանոսական տաճարում: Վարդավառը միջազգային հանրությանը կծանոթացվի որպես քրիստոնեական տոն, ապա բեմադրության տեսքով կներկայացվեն այս տոնի հեթանոսական ժամանակաշրջանից պահպանված ծեսերն ու ավանդույթները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ, «Վարդավառ միջազգային փառատոնի» ղեկավար Ատոմ Մխիթարյանը:
«Վարդավառն այն տոներից է, որն ունի քրիստոնեական, հեթանոսական և ազգային հիմք: Այն նաև երիտասարդական տոն է, և կապված է Աստղիկ դիցուհու, սիրո հետ: Հայաստանի տարբեր մարզերում այս տոնը տարբեր ձևով են նշում. կան մարզեր, որտեղ Վարդավառը նույն շուքով են նշում, ինչպես Նոր տարին: Եվ վերջապես, այս տոնը նշվում է ամռանը, երբ Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Այս բոլորն ի նկատի ունենալով, դեռևս անցած տարի որոշեցինք Վարդավառը դարձնել միջազգային տոն՝ որպես փառատոնի վայր ընտրելով Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ փառատոնն ունենալու է կրթական նշանակություն և սկսվելու է ուխտագնացությամբ:
«Նպատակն է, որ մարդիկ իմանան, որ Վարդավառը միայն միմյանց ջրելու արարողությունը չէ: Այն շատ ավելի հարուստ խորհուրդ ունի, ու բազմաթիվ հետաքրքիր ծեսեր կան կապված այս տոնի հետ»,- իր հերթին ընդգծեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱԴ-ը համագործակցել է ազգագրագետների հետ՝ ուսումնասիրելու և վերակենդանացնելու հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոնի հետ կապված և ժամանակի ընթացքում մոռացված արարողությունները: «Առաջին հերթին Վարդավառը ներկայացվում է որպես քրիստոնեական տոն, ապա հեթանոսական ժամանակաշրջանից պահպանված ծեսերը ներկայացվում են բեմադրության տեսքով: Ազգային ծիսակարգերը կբեմադրվեն այնպես, ինչպես եղել են: Հույս ունենք, որ հաջորդ տարի հնարավորություն կլինի փառատոնն անց կացնել երեք օր՝ մասնակցիներին պարգևելով միջազգային տոն»,- հավելեց Սարգսյանը:
Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանի խոսքով՝ երեք մասից բաղկացած փառատոնը նպաստելու է հայկական մշակույթի հանրահռչակմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հուլիսի 12-ի առավոտյան 11:00-ից Գեղարդի վանքում նախատեսվում է Վարդավառի եկեղեցական ծիսակատարություն. կմատուցվի Տիրոջ պայծառակերպության նվիրված սուրբ պատարագ, այնուհետև երիտասարդության և մատաղի օրհնության կարգ: «Վան» ազգագրական երգի-պարի համույթի և «Վահագն» դհոլարահարների անսամբլի ազգային երգ-երաժշտության համերգ: Իսկ Գառնի հեթանոսական տաճարում արդեն կկազմակերպվեն ազգային ավանդական խաղեր, կբացվեն Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական և տոնի սեղանը ձևավորող ուտեստները, ձեռագործ աշխատանքներն ու Վարդավառի խորհրդանիշ խաչբուռը:
«Վան» և «Վերադարձ» ազգագրական համույթների ու դերասանների երաժշտական թատրոնը յուրովի կպատմի ողջ աշխարհին Վարդավառ տոնի էությունը:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանն էլ իր հերթին փառատոնի անցկացումը կարևորեց Կոտայքի մարզի՝ որպես զբոսաշրջային կենտրոն զարգանալու տեսանկյունից: «Կոտայքի մարզը, ինչպես գիտենք, հանրապետության զբոսաշրջային կենտրոններից է, ուստի փառատոնի անցկացումը այս առումով շատ կարևոր է: Համապատասխան կազմակերպության հետ համագործակցությունը կարևոր է նաև նրանով, որ մարզի երիտասարդությունը նույնպես ներգրավվում է կազմակերպչական աշխատանքներում՝ նոր երանգ տալով այս միջոցառմանը: Կոտայքի մարզպետարանը' մարզպետ Կարապետ Գուլոյանի գլխավորությամբ, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ և փորձելու է բազմազան ձևաչափերով աջակցել նմանատիպ կարևոր միջոցառումների իրականացմանը մեր մարզում»,- ասաց Օհանյանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ