Depeche Mode խումբը թողարկելու է Spirit նոր ալբոմը
Հասարակություն
Depeche Mode բրիտանական խումբը հայտարարել է 2017 թվականի գարնանն իր նոր ալբոմի՝ «Spirit»-ի թողարկման եւ եվրոպական շրջագայության մասին, որի շրջանակներում նրանք ելույթ կունենան նաեւ Ռուսաստանում: Նոր ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանում, ուղիղ հեռարձակումը տրվել է Facebook սոցիալական ցանցում խմբի պաշտոնական էջում:
Խմբի մասնակիցների խոսքով՝ նոր սկավառակը, որի վրա վերջին երկու տարում աշխատանք է տարվել ԱՄՆ-ում, կթողարկվի 2017 թվականի գարնանը, իսկ մայիսի 5-ին կսկսվի համաշխարհային շրջագայությունը, որի առաջին համերգը տեղի կունենա Ստոկհոլմում:
Նոր ծրագրի շրջանակներում Depeche Mode-ի համերգները կանցկացվեն 32 քաղաքներում, ներառյալ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կիեւը, Մինսկը, Պրահան, Հռոմը, Միլանը եւ Փարիզը:
Depeche Mode խումբը՝ «նոր ալիքի», ինչպես նաեւ սինթի-փոփ եւ փոսթ-փանք ոճերի առավել վառ ներկայացուցիչներից մեկը, կազմավորվել է 1980 թվականին Բազիլդոն քաղաքում (Էսեքսի կոմսություն): Իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում կոլեկտիվը թողարկել է 13 ստուդիական ալբոմ եւ վաճառել ավելի քան 115 մլն օրինակ, իսկ 40-ից ավելի սինգլներ հայտնվել են բրիտանական հիթ-շքերթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ