2 հազար դոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-8 հազար դոլար
Հասարակություն
Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը կհանգեցնի առհասարակ մեքենաների գնի բարձրացմանը: Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
Նրա խոսքով՝ 2020 թ.-ին ավելի կբարձրանան մեքենաների գները, քանի որ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրից մեքենա ներկրելու մաքսատուրքը մի քանի անգամ կբարձրանա. «Եթե դուք հիմա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում գնեցիք մոտ 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեքենա և բերեցիք Հայաստան՝ վճարելով մաքսատուրք, ճանապարհածախս, այն ձեզ վրա կնստի 3.5 հազար դոլար: 2020 թվականից, երբ կսկսվի գործել ԵԱՏՄ-ի օրենքները՝ 2 հազար դոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-8 հազար դոլար»,- հայտարարեց Կարեն Չիլինգարյանը:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ևս վստահ է, որ գնաճ տեղի կունենա ձախ ղեկով մեքենաների համար. «Շատ հնարավոր է՝ կրկնակի գնաճ տեղի ունենա: Դա չի վերաբերում հին մեքենաներին, որովհետև հին մեքենան թանկ գնով ոչ ոք չի պատրաստվում գնել»,- ասաց Դավիթ Պեդանյանը:
Ըստ Չիլինգարյանի՝ այս որոշումը խախտում է ինչպես մարդու, այնպես էլ սպառողի իրավունքները. «Նպատակահարմար չէ նման որոշում կայացնել, երբ երկրում ներմուծված ավտոմեքենաների 35-36 տոկոսը աջակողմյան ղեկով է, քանի որ անհավասար շուկայական պայմաններ է ստեղծվում սպառողների համար: Ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը, ըստ որի աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարները 28 տոկոսով ավելի շատ են, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Չիլինգարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օրերս հաստատեց 2018 թվականի ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին օրինագիծը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը