Լրատվամիջոցը, չունենալով սուրդոթարգմանություն, հասարակության մի զանգվածի զրկում է տեղեկացված լինելու իրավունքից. Վահագն Թևոսյան
Քաղաքական
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ Քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից ներկայացվեցին հեռուստաեթերների մի շարք թերություններ սուրդոթարգմանությունների, մայրենի լեզվի աղավաղման, ժարգոնային ոճի կիրառման, ազգային փոքրամասնություններին հասանելի եթերաժամերի և այլ խնդիրների հետ կապված:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ սուրդոթարգմանությունը պարտադիր նախապայման է, բայց միակ պարտադիր պայմանը չէ, կարելի է նաև լուսագրերով ներկայացնել:
Հարցին, թե արդյո՞ք պարտադիր չէ, որ լրատվական ծրագրերը ունենան սուրդոթարգմանություն, պատգամավորը պատասխանեց. «Օրենքով պարտադիր է, բայց քանի որ լրատվական ծրագրեր հիմնականում ունենում են վազող տող, դրանով արդեն արդարացնում են օրենքի կատարման համգամանքը: Ինձ թվում է, որ դա զիջողականության վերաբերմունքի խնդիր է, որովհետև, եթե խիստ դնեն, դա որոշակի գումար է, հավելյալ ծախս է ենթադրելու: Սուրդոթարգմանությունը առանձին գործառույթ է, թարգմանիչն առանձին աշխատակից և շատ չեն նման մարդիկ, ովքեր այդքան վարժ տիրապետում են ժեստերի լեզվին»,-ասաց Վահագն Թևոսյանը:
Նկատառմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք ճիշտ չէ, որ լրատվական ծրագրերում գոնե լինեն սուրդոթարգմանիչներ, պատգամավորն արձագանքեց. «Իհարկե, ճիշտ է, հատկապես երբ օրենքն է այդպես սահմանված: Արդեն իսկ ենթադրելի է, որ եթե մի լրատվամիջոց չունի սուրդոթարգմանություն, ապա իր հասարակության որոշակի հատվածի զրկել է տեղեկացված լինելու իրավունքից: Որքան էլ, որ դարը փոխվել է և ինտերնետի միջոցով ինֆորմացիան կարդալը շատ արագ ինֆորմացվելը հեշտացել է, բայց, այդուհանդերձ, կան մարդիկ, որոնք սուրդոթարգմանության բացակայության դեպքում զրկված են ինֆորմացված լինելու հնարավորությունից և իրավունքից»,-եզրափակեց Վահագն Թևոսյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան