Քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիևն է, խաղաղություն չի լինելու. Նաիրա Զոհրաբյանը՝ Ստրասբուրգում
Քաղաքական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանական պատվիրակությանը հիշեցրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քարոզների հասին: Այս մասին Զոհրաբյանն ասաց ապրիլի 11-ին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում:
«Երեկ շատ կարևոր զեկույց էր այստեղ քննարկվում` քաղաքական գործիչների խոսքում անհանդուրժողականության, ատելության, քսենոֆոբիայի տարրերը: Չգիտես ինչու, նման ելույթների ժամանակ շատ տարօրինակ կերպով ակտիվանում են ադրբեջանցի պատգամավորները, և սկսում են հայերին մեղադրել ռասիստական հայտարարություններ անելու մեջ: Ես ուղղակի հերթական անգամ ստիպված էի հիշեցնել Ադրբեջանի օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Ստիպված էի ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի նախագահի խոսքը` մեր թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլ համայն հայությունը: Ես ստիպված էի հիշեցնել նրանց մի դիվանագետի կոչը` ԴՆԹ-ի անալիզի ենթարկել Ադրբեջանի բոլոր դիվանագետներին, որպեսզի, եթե հանկարծ նրանց մեջ հայի կամ այլազգիի արյուն լինի, նրանք չեն կարողանա անշահախնդրորեն ծառայել Ադրբեջանին: Ես այս ամբիոնից 10 տարի բարձրացնում և ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են: Եվ այս կառույցում քար լռություն է, և պատահական չէր, որ երեկ ես հայտարարեցի, որ մենք ընդունեցինք հերթական մեռելածին բանաձևը»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը կարևոր շեշտադրում է կատարել Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման և Իլհամ Ալիևի ղեկավարման հետ կապված:
«Շատ կարևոր մի շեշտադրում արեց Լեյլա Յունուսը, երբ դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը: Նա ասաց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, և քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիևն է, խաղաղություն չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան