Հայրս Եվրոպայում է՝ հանգստանալու նպատակով․ Հայկ Սարգսյան
Քաղաքական
«Հայրս Եվրոպայում է հանգստանալու նպատակով»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։
Հարցին` արդյո՞ք Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ Հայաստան, նա ասաց.
«Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»։
Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
2019 թվականի մարտի 6ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել էՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:
Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար: Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: Հաղորդվել է նաև, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար: