Դատական համակարգի վերափոխումների՝ ՀՅԴ-ի հայեցակարգային թեզիսները
Քաղաքական
ՆԵՐԱԾԱԿԱՆ
1. Անցումային արդարադատությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից է: Թեեւ արդարադատության համակարգի բարեփոխումները մշտապես կարեւորվել են՝ անցնելով մի քանի փուլ, սակայն դրանց գործադրումն ու արդյունքները մասնագիտական, ինչպես նաեւ հանրային ընկալումներում գնահատվում են ոչ բավարար:
2. 2018թ. համաժողովրդական պահանջն ընձեռել է մեր պետականությունն ու հասարակությունը որակական նոր հանգրվանի հասցնելու հնարավորություն, որի հաջողությունը մեծապես պայմանավորված է ներհասարակական եւ ներքաղաքական հավասարակշռված քայլերով՝ քաղաքական, իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգված գործողություններով։
3. Ներկայումս արդարադատության համակարգն առավել խիստ ուշադրության առարկա է ինչպես արդարադատության նկատմամբ հանրային պահանջի բերումով, այնպես էլ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ստանձնած քաղաքական ուժի՝ անցումային արդարադատության անհրաժեշտության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների արդյունքում: Հանրային քննարկումներում առկա կողմ եւ դեմ մոտեցումները հիմնականում բխում են Հայաստանի արդարադատության համակարգի լիարժեք գործունեության անհրաժեշտությունից:
4. Այսուհանդերձ, դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն օրախնդիր է եւ բխում է ոչ միայն իրավունքի գերակայությանը միտված հանրային պահանջից, այլեւ, 2015 թ. սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, դատական նոր համակարգի ամբողջական ներդրման հրամայականից:
5. Հարկ է արձանագրել նաեւ, որ մինչեւ այժմ քաղաքական իշխանությունը չի հրապարակել անցումային արդարադատության վերաբերյալ հայեցակարգային որեւէ փաստաթուղթ: Հրապարակում ներկայացված սակավաթիվ նյութերից կարող ենք առանձնացնել դատավորների վեթինգի կառուցակարգի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հրապարակած սկզբունքները, ինչպես նաեւ փիլիսոփայության դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» վերլուծական նյութը (տես՝ https://www.evnreport.com/profiles/dr-nerses-kopalyan): Թեեւ թեմայի վերաբերյալ առկա են իրավաբան մասնագետների եւ առանձին հանրային, քաղաքական գործիչների հրապարակային որոշ տեսակետներ, սակայն չկա համակարգված փաստաթուղթ, որը հնարավորություն կտա հանրային, մասնագիտական եւ քաղաքական լայն քննարկման առարկա դարձնելու Հայաստանում անցումային արդարադատության եւ դրա առանձին գործիքների կիրառման անհրաժեշտությունը։ Այսպիսով` քաղաքական օրակարգ է բերվել մի գաղափար, որը չունի պատշաճ փաստաթղթավորված հայեցակարգ, մինչդեռ դրա բացակայությունը լի է անորոշություններով ու բարձր ռիսկերով:
6. Չհավակնելով այդպիսի փաստաթղթի` սույնով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը ներկայացնում է հայեցակարգային որոշ թեզեր, որոնք կարող են նպաստել դատական համակարգի բարեփոխումների օրակարգն ամբողջացնելուն եւ որակյալ դարձնելուն, անցումային արդարադատության անհրաժեշտության հարցն առավել պատասխանատու քննարկման վերածելուն:
7. Քանի որ դատաիրավական համակարգի փոփոխությունները ենթադրում են մեծ ծավալների խորքային վերանայումներ` ներառյալ իրավապահ համակարգը (ոստիկանություն, ազգային անվտանգություն, քննչական մարմիններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ եւ այլն), մարդու իրավունքների պաշտպանության այլ ինստիտուտներ, սույն իրավաքաղաքական վերլուծական նյութով կանդրադառնանք օրակարգ բերված անցումային արդարադատության միջազգային ընդհանրական փորձին, կբացահայտենք այս ինստիտուտի՝ տարբեր հասարակություններում ներդրման ժամանակ ի հայտ եկած ռիսկերին, հայաստանյան իրականությունում դրա ներմուծման քաղաքական դրդապատճառներին, իրավունքի գերակայության ապահովման հրամայականին եւ դատական համակարգում առանցքային նշանակություն ունեցող անկախ ու անաչառ դատարաններ ձեւավորելու հայաստանյան հրամայականին՝ հիմնված միջազգային չափորոշիչների եւ ՀՀ Սահմանադրության պահանջների վրա:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ
8. Անցումային արդարադատությունը բնորոշվում է որպես մարդու իրավունքների համակարգային, պարբերական եւ զանգվածային խախտումները ճանաչելու (ճշմարտությունը բարձրաձայնելու), խախտումները վերացնելու, իրավունքները վերականգնելու (փոխհատուցելու) եւ հասարակությունում համերաշխություն հաստատելու միջոց:
9. Այս ինստիտուտը, որպես կանոն, կիրառելի է համարվում այն հասարակություններում, որտեղ տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ, միջէթնիկական բախումներ, զանգվածային սպանություններ: Այսպիսի դրսեւորումներն ունեն տարբեր պատճառներ՝ ընտրական գործընթացներից մինչեւ հանցավոր խմբերի զանգվածային անօրինական գործողությունները, կոռուպցիայի համակարգված եւ լայն տարածումը:
10. Անցումային արդարադատությունը կիրառվում է երկրներում, ուր հակամարտությունները, ռեպրեսիաները, մարդու իրավունքների ոտնահարումն այնքան լայնամասշտաբ են եւ համակարգված, որ արդարադատության գործող համակարգն ունակ չէ համապատասխան գործառույթներ իրականացնել, ուր մասսայական բռնություններն ու անկարգությունները քայքայել են հասարակությունը եւ պետականության ինստիտուտները, ուր պառլամենտի, դատաիրավական համակարգի, քաղաքական կուսակցությունների կայացվածության մակարդակն այնքան խոցելի է, որ անհնար է դարձնում բռնության ենթարկվող հանրության պաշտանությունը։
11. Մինչեւ անցումային արդարադատության համակարգի ներդրումը՝ իրավիճակը ենթակա է միջազգային եւ տեղական փորձագիտական գնահատման՝ հիմնված բազմակողմանի, անաչառ եւ խորքային վերլուծությունների վրա:
12. Անցումային արդարադատությունն ամբողջությամբ ներառում է քաղաքական-իրավական-հասարակական համատեքստը։ Ժամանակը խիստ կարեւոր է եւ որոշիչ միջոցների ու գործիքների ընտրության հարցում։ Հնարավորինս պետք է խուսափել «սեւ ցուցակների» ֆենոմենից եւ վստահ լինել, որ առկա է իրավիճակի ամբողջական, անաչառ պատկերը, ինչպես նաեւ ապահովված է ներհասարակական ամբողջական ընդգրկվածություն ու համերաշխություն։
13. Որպես կանոն` անցումային արդարադատության հիմնական նպատակներ են սահմանվում հանրության ներսում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը, հանրային համերաշխության հաստատումը, արդարադատության ինստիտուտների կայացումը, հաշվետվողականությունը, լեգիտիմությունը, արդարադատության հասանելիության բարձրացումն ու անաչառությունը, ոտնահարված խմբերի իրավունքների պաշտպանությունն ու փոխհատուցումը, օրենքի գերակայության ապահովումն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն զարգացման պայմանների ապահովումը։ Սակայն միջազգային փորձը փաստում է, որ դեռեւս ոչ մի երկրում չի արձանագրվել դեպք, երբ անցումային արդարադատության գործադրման արդյունքում այս բոլոր նպատակները համաժամանակյա իրականացվել են:
14. Անցումային արդարադատությունը ենթադրում է մեծածավալ օրենսդրական վերանայումներ եւ ինստիտուցիոնալ ենթահամակարգերի վերակառուցում, նոր մեխանիզմների գործադրում, որոնք ներառում են ինչպես սահմանադրական փոփոխությունները եւ նոր օրենքների ընդունումը, այնպես էլ նոր ինստիտուտների ձեւավորումը, ինչպիսին, օրինակ, հաճախ կիրառվող վեթինգն է կամ հազվադեպ կիրառվող լյուստրացիան:
15. Վեթինգի դեպքում չափազանց կարեւորվում է չափորոշիչների հստակ սահմանումը՝ մասնագիտական կարողությունները պարզելու, գույքի եւ եկամուտների հայտարարագրման համարժեքության, հանցավոր խմբավորումների հետ կապերի առկայության բացահայտման ուղղություններով, վեթինգի ենթակա պաշտոնյաների շրջանակի ճշգրտումը, վեթինգ չանցած անձանց` նախկինում կայացրած որոշումների իրավական հետեւանքների հստակեցումն ու երկրի իրավական համակարգի անվտանգության խնդիրները, վեթինգ իրականացնող անձանց ընտրության հարցերը եւ այլն:
16. Ինչ վերաբերում է լյուստրացիային (գաղտնազերծմանը), ապա միջազգային փորձը փաստում է, որ այն ավելի հաճախ կիրառվել է հետկոմունիստական երկրներում եւ ավելի շուտ վերածվել է «քավության նոխազներ» փնտրելու գործիքի՝ չապահովելով որեւէ կոնկրետ արդյունք անցումային արդարադատության նպատակների հասանելիության տեսանկյունից:
17. Անցումային արդարադատության ռիսկերը շատ են, եւ այն պահանջում է արդարադատության ու ճնշման հավասարակշռված համադրություն։
18. Այնուամենայնիվ, միջազգային փորձը փաստում է` հիմնական հարցն անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտության քաղաքական որոշումն է, որի հիմնավորվածության կարեւոր նախապայման է գործիքների եւ մեթոդների ընտրությունը, իսկ գլխավոր չափորոշիչը՝ ներհասարակական ամբողջական ընդգրկվածությունն ու համախոհությունը:
ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
19. Հայաստանում անցումային արդարադատության համակարգի ներդրման անհրաժեշտության մասին գործող իշխանությունների հրապարակային փաստարկներն հիմնականում ներառում են հասարակությունից եւ պետությունից «թալանված» միջոցները վերադարձնելու, անարդար դատավարությունների պատճառով քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու, առանձին անձանց սեփականության իրավունքների խախտումները վերացնելու հրամայականները:
20. Արժեւորելով նշված փաստարկների քաղաքական շեշտադրումն ու հանրային հնչեղությունը` այնուամենայնիվ, անթույլատրելի է օրվա քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, հապշտապ, առանց հայեցակարգի, առանց տեսլականի, լայնածավալ վերլուծական եւ գնահատողական հիմքերի, մասնագիտական եւ հանրային լայն քննարկումների, անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների գործադրման` քաղաքական իշխանության մոտեցումը:
21. Սա առավել վտանգավոր է ներքաղաքական ներկա լարված իրավիճակում` դատական համակարգին քաղաքական իշխանությունների տված գնահատականների, դրան հաջորդող` դատարանները շրջափակելու անօրինական գործողությունների համապատկերին: Իշխող քաղաքական ուժի նման վարքագիծն, ըստ էության, բացատրվում է պետական իշխանության՝ գործադիր մարմնի ամբողջական եւ օրենսդիր մարմնի անհրաժեշտ նվազագույնից ավելին վերցնելու` քաղաքական մեծամասնության ռազմավարությամբ, որը հիմնված է հանրային ճնշում կազմակերպելու եւ իշխանության գերկենտրոնացման վրա:
22. Այսպես` քաղաքական իշխանության եկած ուժը փաստացի իր ձեռքում է կենտրոնացրել իրավապահ համակարգը. ապահովելով նրանց լուռ համաձայնությունը` կոչ արեց եւ արգելափակեց դատարանները, չընդդիմացավ (առանձին դեպքերում՝ նույնիսկ խրախուսեց) փաստաբանների բնականոն աշխատանքին խոչընդոտող գործողություններին, սպառնալով դատավորներին, պարտադրելով հրաժարականներ՝ գլխատեց դատական համակարգի անկախության սահմանադրական երաշխավոր Բարձրագույն դատական խորհուրդը: Սեփական քաղաքական շահերը սպասարկող դատական համակարգ ունենալու անթաքույց նպատակադրմամբ` իշխող քաղաքական ուժը ձեւավորում է հնազանդ Բարձրագույն դատական խորհուրդ եւ ձեռնամուխ է եղել Սահմանադրական դատարանի վերաձեւմանը: Այս նպատակն իրականացնելու համար, առանց հիմնավորման մերժելով Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներկայացված` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին, Ազգային ժողովի մեծամասնությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր, որն իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:
23. Բացի այդ, արհամարհելով դատական բարեփոխումների բնականոն ընթացքը, օրակարգ են բերվել երկրի իրավական անվտանգությանը սպառնացող մի շարք գաղափարներ եւ ձեւավորվել է դրանց ներդրումն ապահովելուն պատրաստ` արդարադատության նախարարության ղեկավար կազմ:
24. Այս վարքագիծը, որն արդյունք է քաղաքական իշխանության համար անցանկալի դատական ակտերի կայացման, ոչ միայն ստվերում է արդարության վերաբերյալ հանրային պահանջը, այլեւ ձեւավորում հիմնավոր կասկած առ այն, որ քաղաքական իշխանությունը փորձում է ստեղծել իր որոշումների կատարմանը պատրաստ դատական համակարգ՝ ի հավելումն արդեն իսկ իր վերահսկողության ներքո գտնվող եւ արդարադատության իրականացմանը մասնակցող այլ պետական մարմինների: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դատական իշխանությունը յուրացնելուն ուղղված քայլերի հաջորդականություն:
25. Սա անթույլատրելի է, հակասում է ժողովրդավարության, իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության եւ փոխադարձ զսպումների, անկախ ու անաչառ դատական համակարգի վերաբերյալ միջազգային չափանիշներին եւ ՀՀ Սահմանադրության պահանջներին:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
26. Հատկանշական է, որ նախորդ բաժնում նկարագրված ընթացքն ուղեկցվում է երկրում մարդու իրավունքների երաշխավորված եւ պաշտպանված համակարգ ունենալու ճշմարիտ պնդումով: Ընդ որում, սա ասվում է 2015թ. սահմանադրական փոփոխությունների խորապատկերի ներքո, երբ այս փոփոխությունները ոչ միայն հստակ ամրագրել են իրավունքի գերակայության սկզբունքի ամբողջական գործադրման պահանջը, այլ նաեւ սահմանել այդ գերակայությունն ապահովող արդարադատության համակարգի կազմավորմանն ու գործունեությանը վերաբերող որակապես նոր կառուցակարգեր (դատական նոր համակարգ):
27. Հատկանշական է, որ նախքան դատական համակարգին դիմելը, մարդու իրավունքների երաշխավորված իրացումը պահանջում է հանրային իշխանության բոլոր մակարդակներում (կառավարություն, նախարարություններ, մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական եւ համայնքային մարմիններ ու կազմակերպություններ) մարդու իրավունքների իրականացմանը խոչընդոտող պատճառների վերլուծություն ու դրանց վերացմանն ուղղված գործողությունների եւ քայլերի հաստատում:
28. Սա նախեւառաջ վերաբերում է վարչական մարմիններին եւ վարչական կարգով իրավունքների պաշտպանության համակարգին: Մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ իրավունքների խախտման հիմնական պատճառներից է գործադիր իշխանության առանձին օղակների ոչ իրավաչափ կամ ոչ համաչափ վարքագիծը, որն էլ իր հերթին լրացուցիչ դժգոհություն է առաջացնում եւ ծնում դատական համակարգի նկատմամբ բազմապատկված պահանջ/սպասելիք:
29. Այլ կարեւոր խնդիր է գործող օրենսդրության թերի կամ իրարամերժ բազմաթիվ իրավակարգավորումների առկայությունը, որոնք իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման հիմք են: Այս աշխատանքները ամբողջությամբ գտնվում են գործադիր եւ օրենսդիր իշխանության պարտականությունների մեջ: Հետեւաբար, դատական համակարգից արդարադատության բարձր մակարդակ ակնկալելուն զուգահեռ, քաղաքական իշխանությունը բարեփոխումների մեծածավալ խնդիր պետք է ձեւավորի նաեւ իր համար:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
30. Միջազգային փորձը վկայում է, որ յուրաքանչյուր երկրում արդարադատության արդյունավետ համակարգը հաշվի է առնում տվյալ երկրի առանձնահատկությունները: Չկա միասնական դեղատոմս, անցումային արդարադատության միասնական մոդել, որը կարող է միանշանակ երաշխավորել դրական արդյունք, առավել եւս` այն դեպքերում, երբ չկա հիվանդության ամբողջական ախտորոշում։
31. Իրավունքի գերակայության վրա հիմնված անկախ եւ անաչառ դատական համակարգ ձեւավորելուն ուղղված բարեփոխումների տեսլականում հստակ եւ աներկբա պետք է ներկայացվեն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են անկախ եւ անաչառ դատաիրավական համակարգի ձեւավորման համար:
32. Այս համատեքստում խիստ պարտադիր է անցումային արդարադատության սեփական ճանապարհային քարտեզ ունենալը։ Այն ոչ միայն պիտի ներառի խնդիրների, նպատակների հստակ ձեւակերպումը, չափելի ակնկալիքների ձեւավորումը, այլեւ կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով արդյունքների գնահատման եւ արժեւորման հիմք հանդիսանա։
33. Անցումային արդարադատության գործիքների կիրառման անհրաժեշտության քննարկման ընթացքում նախեւառաջ չափազանց կարեւորվում են հետեւյալ հարցերը՝ կա՞, արդյոք, մարդու իրավունքների խախտման մանրամասն վիճակագրություն՝ ըստ քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների, մի կողմից` դասական (հիմնական) եւ մյուս կողմից՝ այլ իրավունքների (ածանցյալ իրավունքների), խախտումներն ի՞նչ ծավալներ եւ տարածվածություն ունեն, որո՞նք են հիմնական պատճառները, ինչո՞ւ է անհրաժեշտ անցումային արդարադատության գործադրումը, ի՞նչ նպատակ է դրվում այս ինստիտուտի առջեւ, ի՞նչ չափորոշիչներով են գնահատվելու այդ նպատակների իրականացման աստիճանները, ինչպիսի՞ ժամկետային սահմանափակում ունի այն եւ այլն: Անցումային արդարադատության օրակարգ կամ ճանապարհային քարտեզ սահմանելիս, իրավախախտումների տեսակների խմբավորմանը զուգահեռ, պարտադիր հստակեցման ենթակա են հաշվետվողականության հասցեականությունն ու մեթոդաբանությունը։
34. Անցումային արդարադատության յուրաքանչյուր գործիքակազմ պետք է ունենա պատշաճ հիմնավորում, օրինակ՝ վեթինգի կիրառման հիմնավորումը (գործող կարգավորումները եւ փաստացի վիճակը, որոնք վեթինգի գործադրումը անխուսափելի են դարձնում), վեթինգի ենթակա պաշտոնյաների ընտրության հիմնավորումը (դատավորներ, իրավապահ մարմիններ եւ այլն), այն իրականացնող անձանց ընտրության կարգը, վեթինգ չանցած անձանց կողմից նախկինում կայացված որոշումների իրավական հետեւանքները, դրանք վերանայելու եւ հնարավոր նոր հետեւանքներ առաջանալու ռիսկերը:
35. Կադրային համալրվածության վիճակի ուսումնասիրությունը եւ գնահատումը չափազանց կարեւոր է, քանի որ վեթինգի իրականացման արդյունքում տվյալ պետական մարմնի (առավել եւս՝ դատարանների) աշխատանքը չպետք է կազմալուծվի: Այս ռիսկի առաջացման հավանականությունը հատկապես մեծ է եւ կարող է իրավունքների խախտման առավել լայն ծավալներ ունենալ: Ընդհանրապես, անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումները պարուրված են մեծաթիվ անորոշություններով եւ պարունակում են բարձր ռիսկեր:
Առ այդ.
36. Հայաստանի համար անցումային արդարադատությունը պետք է սահմանել որպես իրավական եւ ինստիտուցիոնալ գործողությունների մի համալիր՝ խարսխված սկզբունքների հետեւողական եւ համոզիչ կիրառության վրա, որը բացառում է գործընթացի քաղաքականացումը, ընտրովի արդարադատությունը եւ նպատակաուղղված է հասարակության կայուն (ներառական) զարգացմանն ու ժողովրդավարացմանը։
37. Հանրային համախոհության, արդարության եւ բավարարվածության ցանկալի արդյունքների հասնելու համար անարդարությունների, իրավախախտումների եւ մարդու իրավունքների խախտումների քննելի դեպքերը պետք է ներառեն Հայաստանի Հանրապետությունում 1991թ. անկախության հռչակումից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը։
38. Անցումային արդարադատությանը վերաբերող վերլուծագնահատողական ուսումնասիրությունները, զեկույցներն ու դրանից բխող գործողությունները պետք է ներառեն բոլոր ոլորտները՝ ներառյալ սոցիալական, տնտեսական, մշակութային քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները։
39. Անցումային արդարադատության գործընթացներում պետք է բացառել արտաքին միջամտությունը, հենվել հանրային բացառիկ հեղինակություն եւ վստահություն ունեցող ազգային փորձագիտական ռեսուրսների վրա:
40. Երկրի ներքին կայունությունը չխաթարելու հրամայականով պայմանավորված` անցումային արդարադատության օրակարգի սահմանմանը պետք է հասնել ներքաղաքական եւ ներհասարակական առավելագույն համախոհությամբ։ Հարկ է բացառել զուգահեռ ինստիտուտների գործունեությունը։
41. Վրեժխնդրություններից, «սեւ ցուցակներից», քաղաքական հաշվեհարդարներից խուսափելու, ինչպես նաեւ մարդու իրավունքներն ու մասնագիտական արժանապատվությունը չոտնահարելու համար նախատեսել անցումային արդարադատության համատեքստում գործող բողոքարկման ինստիտուտ։
42. Սրան պետք է ավելացնել այն, որ անհրաժեշտ է անդրադարձ կատարել ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ որքանո՞վ են անցումային արդարադատության մեխանիզմները համահունչ գործող սահմանադրական կարգավորումներին, կա՞, արդյոք, անհրաժեշտություն իրականացնել սահմանադրական նոր փոփոխություններ, արդյո՞ք սպառված են 2018 թ. ապրիլի 9-ից հետո լիարժեք գործողության մեջ դրված` 2015թ. սահմանադրական փոփոխություններով դատական նոր համակարգի ներդրման հնարավորությունները:
43. Այսպիսով` վերը նկարագրված գործընթացները ենթադրում են երկարատեւ հետեւողական աշխատանք՝ խնդրի լիարժեք ախտաճանաչում, անցումային արդարադատության հստակ հայեցակարգ, բոլոր ռիսկերի բացահայտում եւ դրանց կանխարգելման կամ չեզոքացման կառուցակարգերի առկայություն եւ այլն: Ուստի այսպիսի պայմաններում առավել իրատեսական է դիտարկել դատական բարեփոխումների իրականացումը բնականոն զարգացման ճանապարհով: Սա նշամակում է անհրաժեշտ համոզում, որ երկրում բոլոր արատավոր երեւույթների պատճառը միայն դատական համակարգը չէ, որ խնդիրների լուծման միակ ճանապարհը դատական համակարգի գործունեությունը կոշտ, վիրահատական՝ անցումային արդարադատության մեխանիզմներով վերափոխելը չէ:
ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
44. Այս դեպքում խոսքն առավելապես այն մասին է, որ, սահմանադրական կարգավորումների համաձայն, Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Հայաստանում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ (դատական օրենսգրքով` մասնագիտացված դատարաններ են սահմանվել վարչական դատարանը եւ սնանկության դատարանը): Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
45. Արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ` երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
46. Այսինքն` սահմանադրական մակարդակով սահմանվել է դատարանի արտաքին անկախությունը, որը պարտավոր են պահպանել ու ապահովել իշխանության բոլոր թեւերն ու պետական մարմինները: Ինչ վերաբերում է դատարանների անկախությանն ու դատական համակարգի արդյունավետության բարձրացման բնականոն ընթացքին, ապա այսպիսի լիազորությունները վերապահված են Բարձրագույն դատական խորհրդին (Սահմանադրական դատարանի պարագայում՝ հենց իրեն), որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:
47. Ընդ որում, Բարձրագույն դատական խորհուրդը, լինելով անկախ պետական մարմին, կազմված է 5 տարի պաշտոնավարման ժամկետով տասն անդամից, որոնցից կեսին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս կեսին՝ Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդով: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Հենց Բարձրագույն դատական խորհուրդն է, որ գործնականում ապահովում է դատական իշխանության (բացառությամբ Սահմանադրական դատարանի) ինստիտուցիոնալ, կազմակերպական, կադրային, ֆինանսական եւ մասնագիտական անկախությունը՝ հիմնվելով միջազգային չափանիշների, Սահմանադրության եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների վրա: Դատական օրենսգիրքը մանրամասն կարգավորում է դատարանների կազմավորման, դատավորների մասնագիտական գիտելիքների, նրանց՝ արժանիքների հիման վրա առաջխաղացման, անկախության, գույքային, ֆինանսական եւ սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը: Հետեւաբար, մինչեւ անցումային արդարադատության գործիքների մասին խոսել, անհրաժեշտ է, մանրամասն վերլուծել առկա կարգավորումները՝ միջազգային չափանիշներին եւ Սահմանադրությամբ նախատեսված` անկախ եւ անաչառ դատարան ձեւավորելու հրամայականից ելնելով:
48. Հատկանշական է, որ Սահմանադրության անցումային դրույթներով, մասնավորապես` 213-216 հոդվածներով, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այդ թվում՝ 166-րդ հոդվածով) նախատեսված են նոր դատական համակարգին անցնցում անցնելու մեխանիզմները:
Առ այդ,
49. Դատական համակարգի բարեփոխումներին անդրադառնալիս անվերապահորեն պետք է երաշխավորվեն դատավորների եւ դատարանների անկախության սկզբունքները՝ առաջնորդվելով Եվրոպայի խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության` դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կանոնակարգումներով:
50. Ներկա պայմաններում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է երաշխավորեն, որ դատական մարմիններն իրենց հանձնված գործերը վճռում են անաչառ կերպով՝ հիմնվելով փաստերի վրա եւ առաջնորդվելով օրենքով, հաշվի չառնելով որեւէ ուղիղ կամ անուղղակի սպառնալիք կամ միջամտություն, ում կողմից եւ ինչ պատճառներով էլ այն կատարվի: Պետությունը պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարել պատշաճ կերպով:
51. Անկախ եւ անաչառ դատական համակարգի կազմավորման հարցում քաղաքական համակարգի ազդեցությունը քննարկելիս հստակորեն պետք է պահպանվեն դատական իշխանության անկախությունը երաշխավորող սկզբունքները: Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 10 կարծիքում ամրագրված է, որ արդարադատության կամ բարձրագույն դատական խորհուրդը կարող է կազմված լինել ինչպես բացառապես դատավորներից, այնպես էլ ունենալ խառը կազմ՝ դատավորներ եւ ոչ դատավորներ: Երկու դեպքում էլ պետք է խուսափել անձնական շահերի, ինքնապաշտպանության եւ քրոնիզմի տարրերից: Այս հարցն առավելապես լուծելի է խառը կազմի պարագայում, ինչպիսին Հայաստանում է: Կարծիքում հստակ նշվում է, որ խորհրդի գործունեությունը չպետք է առհասարակ հայտնվի խորհրդարանական մեծամասնության ազդեցության ներքո կամ որեւէ կերպ ենթարկվի գործադիրի կողմից ճնշման:
52. Դատական համակարգի բարեփոխումների շրջանակներում չափազանց կարեւորվում են դատական համակարգի իրական անկախությունը երաշխավորող հետեւյալ հաստատումները՝
Ա) Դատավորների ընտրության ցանկացած ձեւ պետք է բացառի դատավորների նշանակումն անօրինական շարժառիթներով: Դատավորների ընտրության ժամանակ տվյալ անձի նկատմամբ չպետք է լինի խտրականություն, այդ թվում՝ քաղաքական եւ այլ համոզմունքների, սոցիալական ծագման, ունեցվածքի պատճառով:
Բ) Դատավորների լիազորությունների ժամկետը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը եւ թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով:
Գ) Նշանակված կամ ընտրված դատավորները լիազորությունների երաշխավորված ժամկետ պետք է ունենան՝ մինչեւ պարտադիր թոշակի գնալը կամ լիազորությունների ժամկետի ավարտը:
Դ) Դատավորների պաշտոնի բարձրացումը պետք է իրագործվի օբյեկտիվ գործոնների, մասնավորապես` ընդունակությունների, բարոյական հատկանիշների եւ փորձի հիման վրա:
Ե) Դատավորները պարտավոր են պրոֆեսիոնալ գաղտնիք պահպանել իրենց աշխատանքի եւ իրենց պարտականությունները կատարելու ընթացքում ստացված խորհրդապահական տեղեկատվության վերաբերյալ եւ չպետք է հարկադրվեն այդպիսի հարցերի մասին ցուցմունքներ տալ:
Զ) Դատավորներն իրենց դատական պարտականությունները կատարելու ժամանակ թույլ տված սխալ գործողության կամ բացթողումների հետեւանքով տեղ գտած ֆինանսական վնասի համար պետք է օգտվեն դատական հետապնդման անձնական անձեռնմխելիությունից, առանց որեւէ կարգապահական ընթացակարգի կամ պետության կողմից վերանայման կամ փոխհատուցման իրավունքի համար որեւէ վնասի:
Է) Իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեով ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ եւ անաչառ քննարկվի: Դատավորն ունի պատասխանի եւ արդարացի քննարկման իրավունք: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի:
Ը) Դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)