Բոլոր ջանքերը գործադրել ենք, որ ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն ավելի լավը դարձնելուն ուղղված Հայաստանի ջանքերի գործադրման լավ ապացույց է համարում Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը: Այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:
«Մենք 2019թ. հունվարի 1-ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, և ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը կազմակերպությունում մեր նախագահության կուլմինացիան դարձավ: Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր: Հուլիսին, երբ Սինգապուրում էի, այդ այցի շրջանակներում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մենք հասցնենք մինչև երևանյան հանդիպումն ավարտին հասցնել այդ պայմանագրի վրա աշխատանքը: Այն ժամանակ, իհարկե, դա ֆանտաստիկ էր թվում, որ մենք այս կարճ ժամանակահատվածում կհասցնենք ավարտին պայմանագիրը, բայց դա տեղի ունեցավ, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես Սինգապուրի կառավարությանը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մեր գործընկեր երկրների կառավարություններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, և այս միջոցառումն այս մասշտաբներով կազմակերպելը մեր կողմից, կարծում եմ՝ ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց, և մեր անդամակցությունը լինի առավել արդյունավետ»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն