Հարգում ենք կասկած ունենալու «Իմ քայլը»-ի իրավունքը. ԼՀԿ-ն՝ հայտնի նախագծին կողմ քվեարկելու մասին
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծին կողմ է քվեարկելու՝ «Իմ քայլի»՝ կասկած ունենալու իրավունքը հարգելու պատճառով: ԱԺ-ում նախագծի քննարկմանը խմբակցության անունից ելույթի ժամանակ այս մասին հայտնեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Մենք դեմ կլինեինք, եթե դուք քաղաքական դատավճիռ կայացնեինք որևէ դատավորի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ, որովհետև ԱԺ-ն դատավճիռ կայացնող մարմին չէ: Հետևաբար` մենք դեմ կլինեինք ցանկացած այն դրսևորումներին, որոնք քաղաքական բովանդակության զուգակցված կտանեն դեպի իրավական որոշումների սխալ կայացման: Միևնույն ժամանակ մենք կողմ ենք ցանկացած այն գործընթացին, որն իր բովանդակության մեջ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքով և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխանում է: Եվ հետևաբար, մեր դիրքորոշումը, որ չենք ընդվզում և կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության առաջ բերած նախագծին, հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը: Եվ դուք իրավունք ունեք կասկածելու, որ ՍԴ-ի որևէ դատավոր կատարել է էական կարգապահական խախտում»,-ասաց Սիմոնյանը:
Միևնույն ժամանակ Սիմոնյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ի ցանկացած դատավորի կողմից կարգապահական որևէ խախտման պարագայում «Իմ քայլը» նույն ջանասիրությամբ նույն իրավական գործընթացները կսկսի, քանի որ քաղաքական մեծամասնություն է և իր որոշումներից է շատ բան կախված:
Սիմոնյանը նշեց՝ այս տրամաբանությունից ելնելով ԼՀԿ-ն կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության առաջ բերած նախագծին՝ հույս ունենալով, որ կասկած ունենալ իրավունքն ու դատավճիռ չկայացնելու իրավունքը կհարգվեն նաև նրանց կողմից:
Սիմոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած գործողություն, որ կատարում են, պետք է բացառապես համապատասխանի օրենքին ու օրինականությանը: Նա շեշտեց՝ այդ էր պատճառը, որ իրենք առաջինն էինք, որ ժամանակին դատապարտեցին իշխող քաղաքական ուժի կողմից դատարանների դռները փակելու որոշմանը: Սիմոնյանի գնահատմամբ՝ դա իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի էական խախտում է եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն