Ասում են՝ թռեք, թե չէ կբռնենք. ի՞նչ է ուզում իշխանությունը
Քաղաքական
Շատ է խոսվում այն մասին, որ իշխանությունն ընդդիմադիրների «հետևից ընկնելու» հրահանգներ է տալիս, ապա միայն իրավական գործընթաց սկսում և դրանից հետո «գործ կարվում», այսինքն՝ նախ որոշվում է հերթական զոհն ով է, ապա միայն դրանից հետո է փնտրվում «մեղադրանքի հիմնավորումը»: Հատկանշական են Ռոբերտ Քոչարյանին, Հրայր Թովմասյանին և Ռուբեն Հայրապետյանին վերաբերող վերջին շռնդալից դեպքերը, որոնք արվել են՝ նախքան նրանց նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնելը։
Մասնավորապես, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, երեկ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց, որ «Մարտի 1»-ի գործի հետ կապված, իրենց տարբեր խողովակներով փոխանցել են, որպեսզի Հայաստան չգան, այլապես կձերբակալեն․ «Ես հորս հետ դրսում հանգստանում էի եւ տարբեր խողովակներով հասկացնում էին, որ պետք չէ հետ գալ, հասկացնում էին, որ գա՝ միանշանակ կբռնեն, կձերբակալեն, մենք էլ ասում էինք՝ խնդրեմ»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Սրան հաջորդեց առավոտյան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում, որից հետո մեղադրանք առաջադրվեց։ Թովմասյանը, ժամեր տևած հարցաքննությունից դուրս գալուց հետո, ուշագրավ հայտարարություն արեց․ «Ինձ 6 ամիս առաջ ասել էին, որ X, Y, Z քայլերը չանելու, այսինքն` հրաժարական չտալու դեպքում ինձ մեղադրանք կառաջադրվի։ Մի օր կխոսեմ այդ ամբողջի մասին։ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ»,– ասաց նա՝ ակնհայտորեն ցույց տալով, որ պատմությունն իր համար զավեշտալի է։
Փոքր-ինչ հետ գնանք և հիշենք ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ իրեն զգուշացված է եղել հեռանալ երկրից․ «Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան և փախել», – «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով հայտարարությունիյց հետո իր առանձնատանը ոստիկանության կատարած խուզարկությանը։
Ի վերջո, այս ամենից կարելի է երկու տիպի ենթադրություն անել․ մեկն այն առումով, որ իշխանությունը իսկապես նախապես զգուշացումներ է անում՝ հույս չունենալով, որ կկարողանան հիմնավորված քրեական գործեր հարուցել և ապացուցել այս անձանց մեղավորությունը, մյուս կողմից՝ ընդդիմադիրները համընդհանուր պայմանավորվածություն ունեն՝ նման մեսիջներ հղելով փորձել կարծիք ձևավորել, որ իրենց դեմ կատարված գործողություններն, ընդամենը, շոու են։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)