Amazon-ի տնօրենի բջջայինը կոտրել են սաուդյան արքայազնի հեռախոսից. The Guardian
ԱյլԱմերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրել են վնասակար ֆայլի օգնությամբ, որը, դատելով ըստ ամենայնի, նրան ուղարկել է Սաուդյան Արաբիաի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը։ Նման հավաստիացմամբ հանդես է եկել բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Բեզոսի բջջային քրեագիտական հետազոտության արդյունքներին ծանոթ աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Թերթի զրուցակիցների տվյալներով՝ լրտեսական ծրագիրը կարող էր բեռնվել Բեզոսի հեռախոսում 2018 թվականի մայիսին տեսաֆայլի միջոցով, որը Սաուդյան Արաբիայի թագաժառանգն իբր ուղարկել էր նրան WhatsApp հավելվածի միջոցով։ Դրանից հետո մի քանի ժամվա ընթացքում, հավաստիացնում են թերթի աղբյուրները, Amazon-ի ղեկավարի հեռախոսից հանվել է ֆայլերի հսկայական քանակություն։ Թերթն ընդգծում է, որ տեղեկություն չունի, թե ինչպես են օգտագործվել հաքերային գրոհի հետեւանքով ստացված տվյալները։