Պորտուգալիայի նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարանտինի մեջ
ԱշխարհՊորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկել է իր բոլոր աշխատանքային միջոցառումները եւ իր նստավայրում 14 օր կարանտինի մեջ կգտնվի երկրում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին ասված է նախագահի դիվանատան հայտարարության մեջ։
Նշվում է, որ պետության 71-ամյա ղեկավարը հիվանդ չէ, սակայն այս շաբաթ նախագահական պալատ էին այցելել այն դպրոցի աշակերտները, որտեղ վարակման դեպք էր հայտնաբերվել: Ընդ որում, ո՛չ վարակված աշակերտը, ո՛չ համադասարանցիները պալատ չէին այցելել:
«Չնայած այն բանին, որ նախագահը հիվանդության ախտանշաններ չունի, նա որոշել է առաջիկա երկու շաբաթներին չեղարկել իր բոլոր հանրային միջոցառումները (…)»,- նշվում է դիվանատան հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ դա վերաբերելու է նաեւ նախագահի արտասահմանյան ուղեւորություններին:
Նախագահի առողջական վիճակին բժիշկները կհետեւեն նրա նստավայրում: COVID-19-ի առաջին դեպքը Պորտուգալիայում հայտնաբերել են մարտի 2-ին: Մարտի 8-ին գրանցվել է վարակման արդեն 25-րդ դեպքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: