Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 350-ով
ԱշխարհԻսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 350-ով եւ հասել 782-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանը կից առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 10-ին տարածված հայտարարության մեջ։
«Մադրիդի ինքնավար մարզն արձանագրում է կորոնավիրուսի 782 դրական (թեստ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 9-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել էին 436 ախտահարվածի եւ 16 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել է կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին: Բացի դրանից, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում ամենօրյա ախտահանում կկատարվի: Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել է շուրջ 1,4 հազար հիվանդացած, 35 մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: