Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի՞ Ապրիլյան հանձնաժողով․ պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը
Քաղաքական
Սերժ Սարգսյանի հանձնաժողովում լինելուց հետո բազմաթիվ կայքեր և հեռուստաընկերություններ սկսեցին մեկնաբանել, թե ինչ է քննարկվել դռնփակ նիստում։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ Սերժ Սարգսյանը Ապրիլյանի մասին պատմող ֆիլմում նշում է, որ ոչ թե 800, այլ 400 հեկտարի մասին, թե ի վերջո, ի՞նչ պարզվեց քանի հեկտարի մասին է խոսքը։ «Ասեմ, որ հանձնաժողովը որևէ բան չի հանրայնացնելու այդ նիստից մինչև այն պահը, երբ կլինի մեր վերջնական եզրակացությունը, այնտեղ գուցե այդ հարցի պատասխանը տեսնեք։ Այստեղ խնդիրը 800 կամ 400 հեկտարի մասին չէ։ Հանձնաժողովը իր ստեղծման պահին արձանագրել էր իր ուսումնասիրման առարկան ինչը պետք է լինի և դա հստակ իրականացնում է։ Այս պահի դրությամբ էլ հանձնաժողովի փակ նիստում քննարկված որևէ հարց մենք չենք հանրայնացրել, բացի այն, որ Սերժ Սարգսյանը նիստին մասնակցել է հինգ ժամ և նիստից որոշ բաց մասեր լրագրողներն իմացել են կամ ինձնից, կամ Սերժ Սարգսյանից, եթե ինքը գտել է նպատակահարմար այդ մասին խոսել, դրանից դուրս բոլոր մեկնաբանությունները կայքերի ենթադրություններ են: Նիստին մասնակցել են պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմի հետ կապված ստորագրություններ են տվել, ու որևէ պատգամավոր որևէ արտահոսք չի արել»,-ասաց Քոչարյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հանձնաժողով և հասկանալ, թե որն էր, ի վերջո, Ռուսաստանի ազդեցության դերը Ապրիլյան պատերազմում, Քոչարյանը պատասախանեց․ «Միանգամից ասեմ, որ այս պահի դրությամբ մենք անհրաժեշտ չենք համարում, որ պետք է կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միայն այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը որևէ տեսակետ է հայտնել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք այդ հնչեցրած տեսակետները ուսումնասիրում ենք և եթե կարիք լինի աղբյուր ճշտելու՝ մենք առաջինը ճշտում են տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրավասու են եղել կոնրետ ինչ-որ դրվագների համար և դա հիմնականում Պաշտպանության բանակն է և Պաշտպանության նախարարությունն է, և այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ կապված տեսակետները հետաքրքրություն չեն առաջացնում մեզ համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)