«Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն արդյունքում երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։ Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։ Բազմաթիվ հարցեր, որոնք կարեւոր են, եւ որտեղ բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, չեն զեկուցվում, որ հանրությունը տեղյակ չլինի, թե կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։ Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց դարձնելն ընդամենը շղարշ էր, իրականում կարելի է նիստն անել բաց, բայց բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնել գաղտնի, իսկ հրապարակային նիստում քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ անիմաստ զրույցներով։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն պարբերական բնույթ է կրում, երբ կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու»: