«Ժողովուրդ». Հայաստանում կարգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։ Նախագծով առաջարկվում է ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից և չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին։ Գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչև հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական և «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ։ Երկու հազար տասնինը թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հանրային իրազեկման արշավ, որին միացան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40000 աղջիկ։ Նախարարը նաև կոչ արեց տարբերություն չդնել տղաների և աղջիկների միջև և կարևորել բոլոր երեխաներին»։