Տեղի է ունեցել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը
Տնտեսություն
Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի է ունեցել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում էր ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական պատվիրակությունը ղեկավարում էր գլխավոր բանակցող, ԵՀ Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:
Բանակցային փուլի ընթացքում տասը բանակցային խմբերի շրջանակներում քննարկվել են 10 ուղղություններով ապագա համաձայնագրի տեքստերի նախագծերը՝ Ապրանքների առևտուր, Մրցակցություն, Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, Մաքսային հարցեր, Կայուն զարգացում, Մտավոր սեփականության իրավունքներ, Ծագման կանոններ, Թափանցիկություն, Առևտրի պաշտպանական միջոցներ և Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ երկու ուղղություններով բանակցային տեքստերը համաձայնեցվել են:
Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրված են կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները՝ բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլի նախապատրաստման նպատակով:
ԽՀԱԱԳ բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը՝ Բրյուսելում: Այդ փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները վերոնշյալ ուղղություններով, ինչպես նաև կբանակցվեն լրացուցիչ չորս ուղղություններով բանակցային նոր տեքստերի նախագծերը՝ Ծառայությունների առևտուր, Պետական գնումներ, Վեճերի կարգավորում և Էներգետիկա:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի