Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է։ Նախ վարչության ընտրություն է պլանավորում իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կմեկնարկի Ազգային ժողովի հերթական՝ աշնանային նստաշրջանը, ինչպես նաեւ մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոլոր համայնքներում առաջադրելու է իր թեկնածուներին, այնինչ ընդդիմությունը պասիվ է։ ՀՀ քաղաքացին շատ տեղերում զրկված է իրական այլընտրանքից: Մասնավորապես, Հայաստանի 17 համայնքում սեպտեմբերի 25-ին համայնքապետի ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիանում, Քաջարանում, Չարենցավանում, Ալավերդիում։
Հավելենք, սակայն, որ այս ընտրություններից առաջ օրենսդրական փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Այսինքն՝ որ համայնքում երբ իշխանությունը ցանկանա, ընտրովի ղեկավարներ կնշանակի, իսկ ընտրությունները, մեծ հաշվով, զուտ ձեւական բնույթ են կրում:
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում