Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում. տեղում շրջափակել են շենքն ու ձերբակալել (տեսանյութ)
ՏեսանյութերՀունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։
Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնում օպերատիվ խումբ։ Քրեական հետախույզները պարզում են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։
Նրանք կապ են հաստատում բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցնում բանալին։ Իրավապահները տեղում շրջափակում են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվում է։
Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: