ԿԸՀ-ն կստուգի «Հայաքվեի» ստորագրությունները մեկ ամսվա ընթացքում
ՀասարակությունՔաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախագծի նախաձեռնողները ԿԸՀ ներկայացրեցին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ
Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։
Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։
Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։