Ավստրալացին հրապարակել է իր տուն մտած հսկա բազմոտանու լուսանկարը և վախեցրել մարդկանց
ԱյլԱվստրալիայից մի բնակիչ սոցիալական ցանցերում հրապարակել է իր տուն մտած բազմոտանու լուսանկարը և վախեցրել մարդկանց, գրում է Mirror-ը։ Մեկնաբաններն արարածին «տնային դև» են անվանել իր արտաքին տեսքի պատճառով։
Փորձելով հասկանալ, թե ինչ կենդանի է մտել իր տուն՝ ավստրալացին լուսանկարել է «հյուրին» ու լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցերում՝ հույս ունենալով պատասխան ստանալ։ Սակայն նկարը միայն վախեցրել է մարդկանց, ովքեր տղամարդուն խորհուրդ են տվել այրել տունը կամ տեղափոխվել այլ տեղ ապրելու։
«Որևէ մեկը նախկինում նման բան հանդիպե՞լ է»,– հարցրել է գրառման հեղինակը։
Այն բանից հետո, երբ օգտատերերն արարածին անվանել են «տնային դև», Ավստրալիայի թանգարանի աշխատակիցները մեկնաբանել են լուսանկարը և հայտնել, որ տղամարդուն հյուրընկալել է տնային բազմոտանի: Այս տեսակը տարածված է Ավստրալիայում և կարող է ունենալ մինչև 190 ոտք։
«Նրանց ծնոտներն այնքան էլ ամուր չեն, ուստի նրանց համար դժվար է կծել մեզ: Բայց նրանց խայթոցը նույն ցավն է պատճառում, ինչ մեղվի խայթոցը», - բացատրել է փորձագետ Սիարան Մեթյուսոնը: