ԿԽՄԿ–ն այցելել է Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանողներին
ՀասարակությունԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանող–ֆուտբոլիստներին: Այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Օգոստոսի 28–ին ձերբակալված երեք երիտասարդներին մեր կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են օգոստոսի 30–ին և 31–ին»,– ասել է Ամատունին՝ հավելելով, որ ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։