Գնել Սանոսյանը Բուդապեշտ կմեկնի Հունգարիայի հետ համագործակցություն հարցեր քննարկելու համար
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Հունգարիա։
«Սանոսյանը սեպտեմբերի 18-20-ը Բուդապեշտ կգործուղվի ոլորտային համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։