Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար
ՔաղաքականԿառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ:
«Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում վարում է զարգացող և ընդլայնվող հարաբերություններ:
Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային:
Միևնույն ժամանակ, Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս նպաստելու Թունիսի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացմանը:
Ելնելով վերոգրյալից և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։